Վերջերս amazon.com-ը՝ Ամերիկյան ամենահայտնի օնլայն խանութներից մեկը հայտարարել էր, որ ըստ իրենց վիճակագրության մարդիկ վերջին շրջանում ավելի շատ գնում են էլեկտրոնային գրքեր, քան տպագրիր գրքեր։
Զարմանալի չէ, մի օր պետք է այսպես լիներ։ Չնայած տվյալ փաստն ունի թե՛ իր դրական, թե՛ բացասական կողմերը։ Էլեկտրոնային գրքերը հարմար են, քանի որ տեղ չեն գրավում, բացառությամբ համակարգչում գրավող ծավալը։ Հնարավոր է կարդալ բազմահազար էջեր և տան ոչ մի անկյունում ծանր և մեծ գրքեր չեն հավաքվի։ Հարմար է հատկապես, երբ հանգստանալիս մի գիրք ես վերցնում հետդ՝ ազատ ժամանակ կարդալու համար և կրկին ոչ մի ծանրություն և ավելորդ տեղ պայուսակի մեջ այն չի գրավում։ Կամ համալսարան գնալիս ուսանողները ծանր գրքեր չեն ման ածում։ Բավական է ունենալ նեթբուք կամ e-reader՝ էլեկտրոնային գրքեր ընթերցելու սարքը և ընկնել բազամահազար գրքերի աշխարհը։
Սակայն e-reader-ով կամ համակարգչով կարդալն էլ իր բացասական կողմն ունի։ Էլեկտրոնային գրքերը վնասակար են տեսողության համար, որքան էլ տառերը մեծ լինեն և գրավիչ, միևնույն է ճառագայթումից դժվար է խուսափել։ Չնայած e-reader-ներից շատերը հագեցած են էլեկտրոնային թղթերի նոր տեխնոլոգիայով՝ E Ink-ով, որը չի վնասում տեսողությունը։
Զարմանալի է, թե ամերիկացիներն որքան շատ են գիրք կարդում, որ ավանդական տպագրվող գրքերը մոռացել են արդեն և e-reader-ով են ման գալիս։ Իսկ միգուցե էլ.գրքերն ավելի մատչելի են, քան տպագրված գրքերը։ Չէ՞ որ տպագրական ծախսերը մեծ են։
Աշխարհն անդադար տարբեր տեխնոլոգիաներ է մշակում մարդու առօրյան հեշտացնելու և հարմարավետ դարձնելու համար։ Իսկ հայ ուսանողները դեռ շարունակում են բազմահազար գումարներ ծախսել ինչ որ գրքեր միմյանցից պատճենելու համար, անցումներից մատչելի տարբերակով գնելու համար և հետո ընթերցասրահներում ծանր գրքերն իրար վրա դրած անհրաժեշտ նյութը փնտրել հազարավոր էջերում։
Թերևս հայ ուսանողներն այլ տարբերակ չունեն՝ հայերեն լեզվով էլեկտրոնային գրքերի ուղղակի գոյություն չունենալու պատճառով։ Էլեկտրոնային գիրք թողարկելու մշակույթը դեռ զարգացած չէ Հայաստանում, նոր նոր է մտնում շուկա։
21-րդ դարում, սակայն, ուսանողը պետք է էլեկտրոնային որոնում անի, գտնի համապատասխան էջը և այդպես խնայի թե՛ ժամանակը, թե՛ նյարդերը։