AM
3 Հունիս 2011 - 08:36 AMT

ԻՏՁՄ-ն սկսնակ ընկերությունների՝ DigiTec բիզնես ֆորումին մասնակցելու համար սահմանել է հատուկ պայմաններ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, (ԻՏՁՄ) խրախուսելով սկսնակ ընկերությունների մասնակցությունը DigiTec բիզնես ֆորումին, սահմանել է հատուկ մասնակցության պայմաններ նրանց համար:

ԻՏՁՄ սահմանումով նորաստեղծ ընկերություն է համարվում 2008 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ պետական գրանցում ստացած ընկերությունները։

«Նորաստեղծ ընկերություններին սատարելը ռազմավարական խնդիր է մեզ համար: Մեր հիմնական նպատակն է քաջալերել նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ մասնագետներին, սկսնակ գործարարներին: DigiTec բիզնես ֆորումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները` ներկայանալով թե՛ՏՏ համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նորաստեղծ ընկերություններին կտրամադրվեն հետևյալ մասնակցության պայմանները`մինչև 4 ՏՀՏ/ԲՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի 50% զեղչ` սկսնակ ընկերությունների կոնսոլիդացված տաղավարի մեջ ընդգրկվելու դեպքում, մինչև 3 ՏՀՏ/ԲՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի 20% զեղչ` առանձնացված տաղավարներով ներկայանալու դեպքում, Բոլոր ներգրավված ընկերություններին անվճար կտրամադրվի 30 րոպե տևողությամբ գործարար ներկայացման հնարավորություն բիզնես ֆորումի կոնֆերանսների շրջանակում:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:

Վերոնշյալ հնարավորությունները տրամադրվելու են «վաղ գրանցում – First come-first serve» սկզբունքը հաշվի առնելով: Այս տարի DigiTec բիզնես ֆորումը կազմակերպվում է հունիսի 24-25-ը Microsoft Innovation Ֆորումի հետ համատեղ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումի կազմակերպիչը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն է, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը, պաշտոնական գործընկերը` Microsoft ընկերությունը: Ֆորումը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: