Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է մայրաքաղաքի ԳՈՒՄ-ի շուկայի մսի վաճառքի ավելի քան 20 կրպակների աշխատանքը: Ինչպես հունիսի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Պետծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը, այս որոշումն ընդունվել է այդ առևտրի կետերի ստուգումների արդյունքների հիման վրա. կրպակները չէին համապատասխանում մսի պահպանման և վաճառքի սահմանված սանիտարա-հիգիենիկ պայմաններին: Գրիգորյանի խոսքով, առևտրականներին հնարավորություն է ընձեռվել` մոտակա 7 օրերի ընթացքում բարեկարգել իրենց առևտրի կետերն ու համապատասխան թույլտվություն ստանալ:
Մայիսի 31-ին Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ այցելեցին ԳՈՒՄ-ի շուկայի մսի վաճառքի կետեր և առևտրականներից պահանջեցին փակել կրպակները: Աշխատակիցները վաճառվող մսից նմուշներ են վերցրել լաբորատոր փորձաքննության համար:
Գրիգոր Գրիգորյանը հաղորդել է, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ, ի հեճուկս Պետծառայության որոշման, բացել են իրենց կրպակները` հույսը դնելով երրորդ անձանց միջնորդության վրա: «Մենք խախտումներ թույլ չենք տա, նրանք վարչական պատասխանատվության են ենթարկվելու»,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է վտանգի ենթարկվող քաղաքացիների կյանքի համար կառավարության կրած պատասխանատվությանը, ապա Պետծառայության պետը վստահեցրել է, որ «եթե լուրջ խախտումներ լինեն, ապա երկրի իշխանությունները կարգելեն նման սուբյեկտների գործունեությունը»:
Կառույցի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ նույնպիսի ստուգում է անցկացվել նաև Նոր-Նորքի վարչական շրջանի շուկայում, որտեղ նույնպես դադարեցվել է մի շարք տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը, հերթը Մալաթիայի շուկայինն է:






