AM
6 Հունիս 2011 - 08:05 AMT

Աֆրիկյան ժանտախտը, դաբաղը և այլ հիվանդությունները սպառնում են Հայաստանում անասնաբուծության զարգացմանը

Հայաստանի մի շարք մարզերում, մասնավորապես, Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում, Արարատյան դաշտի Մասիս քաղաքում արձանագրվել են դաբաղով, աֆրիկյան ժանտախտով և խշխշանով հիվանդանալու դեպքեր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքերով, իշխանությունները հայտարարում են երկրում անասնաբուծության զարգացման մասին, իսկ անասունի գլխաքանակը կրճատվում է:

Ավելին, նա հավելել է, որ հիվանդույթունների դեմ պայքարելու համար ՀՀ կառավարության որոշմամբ մայիսի 10-ին պետք է ներկրվեին պատվաստանյութեր, որոնք ստացվել են մայիսի 23-ին: Բացի դրանից, ՖԱՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցյալ տարվանից 380 դեղաքանակից մնացել է 180-ը: «Չեմ հասկանում, թե ինչի էին սպասում, կարելի էր կիրառել ունեցածը»,- ասել է նա:

2011-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գյուղերում և քաղաքատիպ համայնքներում հաշվվել է 571 357 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչը 2010-ի նույն շրջանի համեմատ ավել է 0.1 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Միաժամանակ, նշված շրջանում կրճատվել է տավարի գլխաքանակը 0.5 տոկոսով` կազմելով 272 572, խոզերի գլխաքանակն ավելացել է 1.9 տոկոսով` կազմելով 114 777:

Միևնույն ժամանակ, Հայաստանում ընդհանուր առմամբ ոչխարների և այծերի գլխաքանակը 2010-ի հունվարի համեմատ ավելացել է 4.2 տոկսով ` կազմելով 532 515, իսկ ձիերի քանակը երկրում նվազել է 6.8 տոկոսով` 10 042 գլուխ: