AM
6 June 2011 - 11:59 AMT

BarCamp Yerevan 2011-ին ներկայացվեցին սոցիալական մեդիայի նոր պլատֆորմ հանդիսացող curation կայքերը

BarCamp Yerevan 2011-ի ժամանակ որոշ մասնակիցների ներկայացումները վերաբերում էին սոցիալական մեդիային։ Մասնակից և կազմակերպիչ Գեղամ Վարդանյանի ներկայացումը նոր պլատֆորմների՝ Curation կոչվող կայքերի մասին էր։ Curation կայքերը ամբողջապես նոր պլատֆորմ են նոր մեդիայի ժուռնալիստների համար։ Դրանք հնարավորություն են տալիս կառուցել պատմություն օպերատիվ կերպով։

Գեղամ Վարդանյանը ներկայացրեց Curation կայքերից ամենահայտնիները՝ Storify.com-ը, Scoop.it-ն և Storyful.com-ը։

«Storify.com պետք է մուտք գործել twitter-ի միջոցով։ Այն հնարավորություն է տալիս ցանկալի թեմայի մասին համակարգել աղբյուրները և կառուցել պատմություն։ Storify.com-ի «ստեղծել պատմություն» դաշտում կարելի է կատարել որոնում Twitter-ում, Wikipedia-ում, Youtube-ում, Flikr-ում և այլ ցանցերում և գտնելով համապատասխան նյութը, նկարը կամ հոլովակը՝ պարզապես drag and drop անել (վերցնել և տեղափոխել) տեքստի դաշտը։ Այս ամենին կարելի է ավելացնել սեփական նկարագրությունը և տեղեկությունները։ Հրապարակելուց հետո ձևավորվում է մեկ միասնական պատմություն իր embed կոդով, որով կարելի է կիսվել (share)։ Սա աղբյուրները ուղիղ նշելով պատմություն պատրաստելու օպերատիվ ձև է»,-պատմեց Գեղամ Վարդանյանը։

Մյուս երկու հայտնի պլատֆորմներից են Scoop.it և Storyful.com։ Scoop.it-ին առանձնանում է թեմաների համակարգմամբ և դասակարգմամբ։ Storyful.com օգտագործում են New York Times-ի մի շարք հայտնի լրագրողներ։

Ինչպես նշեց Գեղամ Վարդանյանը curation կայքերը շատ հարմար են ուսանողների համար։ Կարելի է արագ ուսումնական նյութ պատրաստել՝ հավաքելով տարբեր աղբյուրներից նյութեր։ Բացի դրանից այս պլատֆորմները նաև սոցիալական ցանց են, քանի որ ունեն հետևելու (follow) հնարավորություն։

Գեղամ Վարդանյանը նշեց, որ Scoop.it-ի առավելությունն այն է, որ ունի widget բրաուզերների համար։ Ցանկացած պահի, երբ ինչ որ հոդված կամ նյութ հավանում է ընթերցողը կարող է միանգամից widget-ի վրա՝ սեղմելով ուղարկել այն Scoop.it: