Հունիսի 5-ին «Նարեկացի» արվեստի միության կողմից կազմակերպած գալա-ընթրիքից հետո նկարիչ Հակոբ Հակոբյանը որոշել է միության եկող տարվա գալա-ընթրիքի աճուրդին տրամադրել իր կտավներից մեկը: Բացի դրանից, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միության անդամ, արվեստաբան Սամվել Հովհաննիսյանը նույնպես խոստացել է գալա-ընթրիքին տրամադրել Մինաս Ավետիսյանի նկարներից մեկը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են «Նարեկացի» միության մամլո ծառայությունից:
Այս տարի առաջին անգամ «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնած` «Ի հովանավորություն արվեստի և մշակույթի» բարեգործական մեծ գալա-ընթրիքի ժամանակ աճուրդի հանվեցին նկարիչներ Մինաս Ավետիսյանի, Սերգեյ Փարաջանովի, Վաղարշակ Էլիբեկյանի, Արթուր Սարգսյանի և դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքները, ինչպես նաև կազմակերպվեց հանգանակություն: Երեկոյից ստացված ողջ հասույթը` 30.000 ԱՄՆ դոլարը տրամադրվեց միությանը: Հանգանակված միջոցները «Նարեկացի» միությանը հնարավորություն կտան կյանքի կոչել հայ մշակույթի պահպանման, զարգացման և տարածման իր ամրագրած առաքելությունն ու նվիրական տեսլականը և տրամադրվել են միության արվեստի, կրթության, հրատարակչության հովանավորչության բարեգործական ձեռնարկների իրագործման համար:






