Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտին հանձնվել է ձեռնարկատիրության ոլորտում ISO:9001 որակի կառավարման սերտիֆիկատ: Այդ մասին հունիսի 14-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը: Նրա խոսքերով, առևտրի ոլորտում արգելքների հաղթահարման ճանապարհին ինստիտուտին հաջողվել է հասնել արդյունքների, որոնք բարձր գնահատականի են արժանացել անգլիական GIC ընկերության կողմից: «Առանց գիտելիքների և նորարարության անհնար է հասնել բիզնեսի բարելավման, որին էլ ուղղված է ստանդարտների մշակման և ներմուծման աշխատանքը, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին»,- ասել է նա:
Ենոք Ազարյանը հավելել է, որ այսօր խոշոր ընկերությունները, որոնք շահագրգռված են իրենց վարկանիշի մեջ, անպայման օգտվում են ինստիտուտի ծառայություններից, իսկ ահա նորաստեղծ փոքր և միջին ձեռնարկությունները դեռ չեն գիտակցում այդ գործընթացի կարևորությունը:
Իր հերթին անգլիացի փորձագետ Առնեթ Պողոսյանը հավելել է, որ ինստիտուտի որակի կառավարման համակարգը ճանաչվել է լավագույնը շատ միջազգային կազմակերպությունների կողմից և վայելում է ձեռներեցների վստահությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Անդրադառնալով ստանդարտների կիրառման խնդրին` նա նշել է, որ զարգացած երկրներում սպառողները ձեռք են բերում միայն այն ընկերությունների արտադրանքը, որոնք ունեն սեփական սերտիֆիկատ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ սպառողն այդքան պահանջկոտ չէ: Առնեթ Պողոսյանը նաև հաղորդել է, որ միջազգային փորձագետները հուլիսին ժամանելու են Հայաստան ինստիտուտի աշխատանքը բարելավելու և պահանջմունքները և արգելքներն ուսումնասիրելու համար, որոնք առկա են տեղի շուկայում:






