Ֆինանսական միջնորդության ցուցանիշը Հայաստանում հասնում է 50 տոկոսի (ակտիվեր/ ՀՆԱ), 2008թ. 28 տոկոս ցուցանիշի համեմատ և 90-ականների 13-17 տոկոս ցուցանիշի համեմատ: Այդ մասին հունիսի 14-ին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ ամփոփելով բանկային համակարգի գործունեության արդյունքները ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում: «Ցանկանում եմ նշել, որ դա բավականին մեծ ցուցանիշ է Հայաստանի համար»,-ասել է նա: Վարկեր/ ՀՆԱ ցուցանիշը հասել է 30 տոկոսի՝ 2008թ. 16,7 տոկոսի ու 90-ականների մոտ 10 տոկոսի ցուցանիշների համեմատ:
«Չաշխատող վարկերի» քանակն այս պահի դրությամբ կազմում է 3,4 տոկոս, կապիտալի համարժեքության ցուցանիշը Հայաստանի բանկային համակարգում այս պահի դրությամբ կազմում է 21 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է Եվրոպայի զարգացած երկրների ու զարգացող երկրների համեմատ, ինչպես նաև զգալիորեն գերազանցում է ԱՊՀ երկրների բանկային համակարգերի միջինացված ցուցանիշը:
Ջավադյանը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ 5 ամսում 17 տոկոսով աճել են ռեզիդենտներին տրամադրված վարկերը: «Համեմատության համար ասեմ, որ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը հիմնականում տատանվում է 3-6 տոկոսի սահմաններում, կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշն անկում է ապրել, իսկ եվրոպական երկրներում այդ ցուցանիշն, անշուշտ, ավելի ցածր է»,-ասել է նա:






