AM
14 Հունիս 2011 - 12:29 AMT

Հայաստանում վերականգնվող էներգիայի ֆինանսավորմանը կուղղվի 18 մլն եվրո

«Գերմանահայկական հիմնադրամի» ծրագրի կառավարման գրասենյակի» հետ համագործակցության շրջանակներում «Վերականգնվող էներգիայի աջակցում» ծրագրի երկրորդ փուլով հատկացվել է ևս 18 մլն եվրո, ինչը 3 անգամ գերազանցում է առաջին փուլի վարկը: Այդ մասին հունիսի 14-ին Երևանում մեկնարկած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ նրա, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Ֆրանկֆուրտ իր վերջին այցելության ժամանակ Գերմանահայկական հիմնադրամի դիտորդկան խորհրդի նիստում: ԿԲ ղեկավարը հայտնել է, որ իրենց ֆինանսավորմանն են սպասում 7 փոքր ՀԷԿ-երի կառուցման ու վերակառուցման նախագծերը:

Իր հերթին «Գերմանահայկական հիմնադրամի» ծրագրի կառավարման գրասենյակի» ղեկավար Գևորգ Թումանյանը հավելեց, որ իրականացման առաջին փուլում վերաֆինանսավորվել են 14 փոքր ՀԷԿ-եր 2,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով (6 մլն եվրո), որոնցից 8-ը նոր ՀԷԿ-եր են, իսկ մյուս 6-ը՝ վերակառուցված:

Ինչպես նշել է գրասենյակի ղեկավարը, այդ ծրագիրը հատուկ մոտեցում է նախատեսում՝ կայուն տոկոսադրույքներ, ընդ որում բանկերը պետք է վարկեր տրամադրեն ՀԷԿ-երի սեփականատերերին ոչ ավելի, քան 10,5 տոկոսո տոկոսադրույքով տարեկան, իսկ ԿԲ-ում դրանք վերաֆինանսավորվել են առաջին փուլում 5,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի առևտրային բանկերը կվերաֆինանսավորվեն 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով, այսինքն մոտ 4,5-5 տոկոսանոց մարժան կմնա բանկերին:

Ըստ Գևորգ Թումանյանի, նման մոտեցումը վերականգնվող էներգիայի ֆինանսավորման հարցում կիրառվում է միջազգային պրակտիկայում և համաձայնեցված է KfW փորձագետների հետ, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության հետ, որը նաև մասնակցում է այդ ծրագրին, ներկայացված լինելով Գերմանահայկական հիմնադրամի դիտորդական խորհրդում: