Հունիսի 14-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք հատկացման ծրագրային 20-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ մոտ $29 մլն, որից $28,2 մլն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են:
Ընթացիկ եռամսյակի ավարտի դրությամբ ծրագրի փաստացի և կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է $138,2 մլն: 20-րդ հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախավերջին հայտն է: Վերջին` 21-րդ հայտը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային կներկայացվի 2011թ. սեպտեմբերին և կներառի ծրագրի փակման գործընթացին առնչվող ծախսերը: Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի $176,5 մլն:
Կառավարման խորհուրդը հաստատել է նաև ծրագրի փակման պլանի հավելվածներում կատարված փոփոխությունները:
Ի թիվս օրակարգային այլ հարցերի, խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ամփոփ զեկուցումը ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Քննարկվել են նաև Մայր ջրանցքների և պոմպակայանների վերականգնմանն առնչվող հարցեր:






