Հայաստանի խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն աննախադեպ է համարել արդյունաբերական արտադրության 25 տոկոս աճը ընթացիկ տարվա մայիսին: «Ես չեմ հիշում արդյունաբերության նման աճ»,-հայտարարել է նա հունիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, արդյունաբերական արտադորությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվը՝ ապահովելով դիվերսիֆիկացիան այդ ոլորտի առանձին ճյուղերի աճի հաշվին, միաժամանակ զերծ պահելով երկրի տնտեսությունը հնարավոր ցնցումներից:
Ըստ Գագիկ Մինասյանի, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության 9,9 տոկոսը 2011թ. մայիսի համար վկայում է այն մասին, որ այդ միտումը կպահպանվի նաև առաջիկայում:
Ավելին, ըստ Մինասյանի, արտահանումն աճել է 39,7 տոկոսով, իսկ ներկրումը՝ 18,5 տոկոսով, ինչը թույլ է տալիս հուսալ, որ «արտաքին առևտրի բացասակաան սալդոն կկրճատվի»:






