Հունիսի 20-21-ը Գերմանիայի դաշնային ցանցային գործակալությունից Զաբինե Բրոսսը և Դաշնային մենաշնորհային պայմանագրերի գերատեսչության աշխատակից Քրիստիան Բոնգարդը Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության և Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ Երևանում անցկացրեցին սեմինար-քննարկում` հեռահաղորդակցության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
Ինչպես նշվում է Հայաստանի ՏՄՊՊՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մասնագետներն անդրադարձան արդիական ինտերնետային առաջարկներին, ներկայացրեցին, թե ինչպիսի ռազմավարություն է որդեգրել Գերմանիայի դաշնային կառավարությունը` լայնաշերտ կապի ոլորտում, ինչպես նաև ինտերնետ ծառայությունների համար գանձվող սակագներին: Քննարկվել են նաև միջազգային ռոումինգ ծառայությունների սակագների իջեցման խնդիրները, քանի որ Հայաստանում այդ սակագները դեռևս շատ բարձր են: