AM
24 Հունիս 2011 - 08:58 AMT

Ինչպես ողջ աշխարհը, Հայաստանի տնտեսությունը ևս թևակոխում է զարգացման նոր փուլ

Պաշտոնական վիճակագրական տվյալներն առաջին 5 ամսվա համար վկայում են այն մասին, որ տնտեսական աճի շարժիչ ուժը դառնում է արդյունաբերական արտադրությունը, հունիսի 24-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրության աճը կազմել է 25 տոկոս, միաժամանակ աճի միտումները տատանվում են 10-11 տոկոսի սահմաններում:

Ինչպես նշել է Տիգրան Դավթյանը, համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից հետո թևակոխում է զարգացման նոր փուլ, ինչը թույլ է տալու հաղթահարել ճգնաժամից առաջ ստեղծված անհամաչափությունը, իսկ «մեզ մոտ ամենից ակտիվ զարգանալու է արդյունաբերությունը»: Դրական միտումներ են նկատվում նաև արտահանման ոլորտում, որը 2011-ի առաջին 5 ամիսների ընթացքում 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է գրեթե 40 տոկոսով, իսկ ներկրումը` 20 տոկոսով: Նա նաև ուշադրություն է դարձրել ներկրման կառուցվածքի վրա, որտեղ զգալի տեղ են գրավում սարքավորումները և հումքը, ընդգծելով, որ «ներկրումը միշտ չէ, որ վատ է»: Անդրադառնալով Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոյին` գլխավոր տնտեսագետը հավաստիացրել է, որ այն աստիճանաբար նվազելու է: