AM
24 Հունիս 2011 - 15:03 AMT

Առաջիկա օրերին կսկսվի Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհի վերականգնումը

Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ 97+250 տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետևանքով առաջացած փլվածքի վերանորոգման նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: Նախագծման աշխատանքներին զուգահեռ երկու ողղությամբ ապահովվել է մայրուղու անցանելիությունը` պահպանելով անվտանգության կանոնները: Առաջիկա օրերին կսկսվեն փլվածքի վերանորոգման շինարարական աշխատանքները:

Ինչպես նշվում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Շատին-Եղեգիս ճանապարհի 1-ին կմ-ի սողանքային հատվածի վերանորոգման նախագիծը նույնպես պատրաստ է, և ճանապարհին հարակից հողերի օտարման խնդիրները լուծվելուց հետո` կսկսվեն շինարարական աշխատանքները: Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 365 կմ-ում փլվածքի հետևանքների վերացման նպատակով ճանապարհի վերանորոգման նախագծման աշխատանքները կավարտվեն հունիսի 27-ին:

Ընդհանուր առմամբ, երկու տասնյակից ավելի վթարային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վերանորոգման աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից:

«Վթարների առաջին իսկ օրվանից վթարված ճանապարհներին անվտանգության պահպանման նպատակով հատուկ նշանները տեղադրված են ճանապարհներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: