AM
30 June 2011 - 09:04 AMT

Հայաստանը հակադարձում է ԱՄՆ Պետդեպարտամենտի թրաֆիկինգի մասին զեկույցին

Հայաստանի իշխանությունները վճռական են թրաֆիկինգի դեմ պայքարում և վերջին տարիներին հետևողական աշխատանք են տանում այդ ուղղությամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավար, Ազգային խորհրդին կից թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե ինչպես է հայկական կողմը գնահատում ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից վերջերս հրապարակված թրաֆիկինգի մասին զեկույցը, Կաժոյանը հայտարարել է, որ համաձայն չէ զեկույցի այն մասի հետ, որտեղ ասվում է, որ Հայաստանը չի բավարարում այդ երևույթի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին:

«Մեր սպասումներն արդարացել են` Հայաստանը մտել է տրաֆիկինգի դեմ պայքարի ցուցանիշներով երկրների երկրորդ խմբի մեջ: Մենք բավական ակտիվ աշխատանք ենք կատարել այս երևույթի դեմ պայքարում, բայց այդ ջանքերը բավարար չեն, և աշխատանքն անհրաժեշտ է շարունակել: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկիրը չնահանջի իր դիրքերից և չմտնի թրաֆիկինգի դեմ պայքարի ցուցանիշով երկրների 3-րդ խմբի մեջ»,- ասել է Կաժոյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է մշտապես խոսել այդ խնդրի մասին, հաղորդել թրաֆիկինգի հնարավոր դեպքերի մասին իրավապահ մարմիններին և համապատասխան աշխատանք տանել այդ ուղղությամբ:

Ներկայացնելով 2010-ի վիճակագրությունը` Կաժոյանը հայտնել է, որ անցյալ տարի հարուցվել է 4 քրեական գործ սեռական թրաֆիկինգի փաստով, թրաֆիկինգի համար ազատազրկվել է 5 մարդ:

Հունիսի 27-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ամենամյա 11-րդ զեկույցը թրաֆիկինգի մասին: Հայաստանի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ Հայաստանը մարմնավաճառության նպատակով կանանց և աղջիկների թրաֆիկինգի, տղամարդկանց և կանանց հարկադրական աշխատանքի աղբյուր է:

Պետդեպարտամենտը նշել է, որ Հայաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում թրաֆիկինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին, բայց այս ուղղությամբ զգալի աշխատանք է տարվում: Զեկույցում ասվում է, որ անհանգստության առիթ է տալիս թրաֆիկինգի զոհերի թվի անկումը, ինչպես նաև հարկադրական աշխատանքի դեպքերի հետաքննության բացակայությունը: