Հուլիսի 1-ին Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված «ԱՊՀ 20- ամյակ. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով միջպետական ցուցահանդեսի շրջանակում նշվեց Հայաստանի օրը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանը, Ռուսասատնի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հունիսի 28-ից հուլիսի 3-ն անցկացվող ցուցահանդեսի ընթացքում ԱՊՀ մասնակից-պետությունները հանդիսավորապես նշում են իրենց ազգային օրը, որն ուղեկցվում է մշակութային միջոցառումներով: Ցուցահանդեսին մասնակցում և իրենց արտադրանքն են ներկայացնում հիմնականում սննդի արտադրության, շինարարական, մեքենաշինական ոլորտի մեկուկես տասնյակից ավելի հայկական ընկերություններ: Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև նորարարական համաժողով, որի ընթացքում Զարգացման հայկական գործակալությունը կներկայացնի մի շարք ներդրումային ծրագրեր:
Ցուցահանդեսի նպատակը ԱՊՀ մասնակից երկրների միջև կառուցողական փոխգործակցության և ռազմավարական գործընկերության զարգացումն է, ձեռք բերված արդյունքների ներկայացումը: Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում մշտապես գործում է «Արմենիա» առևտրացուցահանդեսային տաղավարը, որտեղ ներկայացվում է երկրի արդյունաբերական ներուժը, Հայաստանի հարուստ պատմական ժառանգությունը:
Փոխվարչապետի այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեց համաձայնագիր` Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում ՀՀ «Արմենիա» առևտրացուցահանդեսային կենտրոնի տարածքի վարձակալության վերաբերյալ:






