Հայաստանի քաղաքական կյանքում իրական դեպքերը սկսվելու են աշնանը, երբ մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հավելել է, որ աշնանը լինելու են հանրահավաքների ակտիվությունն ավելացնելու փորձեր, ինչպես նաև ուժեղանալու է արմատական հռետորությունը: Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունների և ՀԱԿ քաղաքական երկխոսությունը չի նշանակում նրանց միջև առկա հակասությունների վերացում: Ինչ վերաբերվում է ամռանը, Իսկանդարյանը նշել է, որ հիմա «նկատվում է գործընթացի դանդաղեցում և մարում»:
Հունիսի 30-ին տեղի ունեցած ՀԱԿ նիստում նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ոչինչ չի կորցնի երկխոսության ձախողումից, այլ հակառակը` միգուցե նույնիսկ կշահի:
Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ կկորցնեն միայն իշխանությունները և ողջ հասարակությունը: ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, երկխոսությունը պետք է ընթանա միայն գլխավոր հարցերի շուրջ, առաջին հերթին` արտահերթ ընտրությունների անցկացման և երկրում օրինական իշխանության հաստատման: Նա հայտնել է, որ եթե իշխանությունները պահանջները չկատարեն նաև այս անգամ, առաջիկայում ՀԱԿ-ը գործող նախագահի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջ կներկայացնի: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին:






