Երևանում գործող Գեղագիտության ազգային կենտրոնը այսօր մեծ խնդիրներ ունի: Այդ մասին լրագրողներին հայտարարեցին կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, նույն կենտրոնի ներքո գործող թատրոնի տնօրեն Վահան Բադալյանը և նկարչական ստուդիայի ղեկավար Սամվել Բաղդասարյանը:
Մայիս ամսին թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Բոսթոնում Ֆիլիպ Առնոյի կողմից հրավիրված հյուրախաղերին, ինչպս նաև Իտալիայում: Թատրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշեց, որ սպտեմբեր ամսին նոր ներկայացումներ պետք է բեմադրվեն: «Մեր կենտրոնը որակյալ աշխատանք է անում, սակայն մենք ունենք վերաբերմունքի պակա»,- նշել է թատրոնի ղեկավարը:
«Մենք մի խնդիր ունենք: Տաղանդավոր երեխաները շատ են: Հայը ծնվում է տաղանդավոր: Մենք շատ պասիվ ենք մեր ոլորտում: Մեզ մի փոքր ֆինանսավորումը պետք է լավացնել, շատ բան չենք ուզում»,- ասաց Լևոն Իգիթյանը : Բացի դրանից կենտրոնի կապերը մարզերի հետ թույլ են: «Մարզերում մշակութային հաստատությունների ղեկավարները մասնագետներ չեն և շատ անտարբեր են նման երևույթների նկատմամբ: Մենք չգիտենք, թե քանի Սարյաններ և Փարաջանովներ կան գյուղերում: Վատագույն աշխատանքները ներկայացվում ն Գյումրիի կողմից: Շրջանային դպրոցների տնօրենները ծույլ են, վերջին շաբաթում են ներկայացվում աշխատանքները և վատ կերպով»,- հավելեց Իգիթյանը:
Կենտրոնի ներկայացուցիչները հայտնեցին, որ սեպտեմբերին կազմակերպվելու է Հայաստանի անկախությանը նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են 200-ից ավելի աշխատանքներ, իսկ վերջում հրատարակվելու է համապատասխան կատալոգ:






