AM
11 July 2011 - 12:11 AMT

Հոկտեմբերին Երևանում տեղի կունենա տելեբժշկության և է-բժշկության առաջին հայկական միջազգային համագումարը

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա տելեբժշկության և է-բժշկության առաջին հայկական միջազգային համագումարը։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց «Տելեբժշկության հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գեորգի Չալտիկյանը։

Համագումարը կազմակերպել է «Տելեբժշկության հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ։ Իսկ համակազմակերպիչներն են Տելեբժշկություն ամերիկյան և միջազգային ասոցիացիաները։

Ինչպես պատմեց Գեորգի Չալտիկյանը, համագումարն ունի 3 նպատակ. «Առաջին նպատակը միջազգային փորձի փոխանակումն է։ Մենք հյուրընկալելու ենք 15 միջազգային փորձագետների։ Նրանք կպատմեն, թե տելեբժշկության ոլորտում ինչպիսի զարգացումներ կան աշխարհում և թե որքան է հեշտանում աշխատանքը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Հաջորդ նպատակն է հանրությանը ներկայացնել Հայաստանում տելեբժշկության ոլորտը։ Եվ իհարկե վերջին նպատակն է համախմբել տելեբժշկությամբ հետաքրքրվողներին և ապահովել networking-ի (ցանցային շփում) զարգացումը Հայաստանում»։

Ըստ Գեորգի Չալտիկյանի, ակնալվում են մոտ 350 մասնակիցներ Հայաստանի բժշկական հաստատություններից, բուհերից և արտերկրից։ 40-50 մասնակից Հայաստան են ժամանելու Վրաստանից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հունաստանից և այլ երկրներից։

Ինչպես նշեց Գեորգի Չալտիկյանը, համագումարի ընթացքում բացի ընդլայնված նիստերից, տեղի կունենան ուսումնական սեմինարներ և ցուցահանդես-էքսպո։ Գեորգի Չալտիկյանը կարծում է, որ այս համագումարը սկիզբ կդնի տելեբժշկության ոլորտում կրթական ծրագրերի կազմակերպմանը։

Համագումարի գլխավոր հովանավորն է Orange Armenia ընկերությունը։ Համագումարի անցկացման լեզուն անգլերենն է, քանի որ ներկա են լինելու մի շարք միջազգային փորձագետներ։

Տելեբժշկության և է-բժշկության առաջին հայկական միջազգային համագումարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել օնլայն կամ էլ admission կայքում։ Մասնակցության վճարն է 5000-10 000 դրամ։ Սահմանված են նաև զեղչեր։ Բոլոր նրանք, ովքեր ներկա չեն լինի, կկարողանան հետևել համագումարին օնլայն հեռարձակման (Live Streaming) միջոցով։