AM
15 Հուլիս 2011 - 11:42 AMT

«Լիդեռ» դրամական փոխանցումների համակարգը տարակուսանքի մեջ է, թե ինչու է ԿԲ դադարեցրել նրա գործունեությունը

«Լիդեռ» միջազգային դրամական փոխանցումներ» համակարգը տարակուսանք է հայտնում 2011-ի հուլիսի 11-ին նրա գործունեությունը հանրապետությունում դադարեցնելու մասին ԿԲ հայտարարության կապակցությամբ:

Ինչպես նշվում է համակարգի մամլո հաղորդագրության մեջ, «Լիդեռը» Հայաստանի շուկայում աշխատում է 2003-ից: Երկրում գործընկեր բանկերի հետ աշխատանքի ողջ ընթացքում «Լիդեռը» միայն մեկ անգամ է տեխնիկական պատճառներով դադարեցրել աշխատանքն այդ երկրի բանկերից մեկի հետ: Միայն 2011-ին Հայաստանում համակարգի միջոցով դրամաշրջանառությունը կազմել է մի քանի տասնյակ միլիոն դոլար: Այսպիսով, համակարգն իր գործունեությամբ չի սպառնում Հայաստանի ֆինանսական համակարգին և տնտեսությանը, ինչպես նշվել է հայտարարությունում:

ՀՀ ԿԲ խորհուրդը հուլիսի 11-ին ուժը կորցրած է ճանաչել «Լիդեռ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «Լիդեռ» ոչ բանկ վարկային կազմակերպություն ՓԲԸ` 2008 թ. սկսած պարբերաբար դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնակից բանկերի տարածքային որոշ ստորաբաժանումների սպասարկումը:

Հաշվի առնելով վերոնշվածը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ մասի 4.1. կետի զ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 09.07.2011թ. որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Լիդեռ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվությունները, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: