AM
20 Հուլիս 2011 - 09:51 AMT

Ռուսաստանյան բանկերի ասոցիացիա. Բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ իրեն հարմարավետ է զգում

Դեպի երկիր կապիտալի ներհոսքը խթանելու և արտահոսքը նվազեցնելու համար հարկավոր է բարելավել գործարար մթնոլորտը, բարձրացնել սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակը, գտնում է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետ Սերգեյ Գրիգորյանը: «Բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ իրեն հարմարավետ է զգում»,-ասել է նա հուլիսի 20-ին «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:

Ըստ կանխատեսումների, կապիտալի արտահոսքը Ռուսաստանից ընթացիկ տարում կկազմի 35 մլրդ դոլար: Կապիտալի արտահոսքի խնդիրը սուր է նաև հարևան երկրներում:

Իր հերթին «Այլընտրանք» հայկական վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը հավելել է, որ եթե Ռուսաստանում խոսքը գնում է միլիարդների մասին, ապա Հայաստանում նույնիսկ մի քանի միլիոնի արտահոսքն անդրադառնում է տնտեսության վրա: Բացի այդ, եթե ՌԴ-ում արտահոսքը մասնակիորեն լրացվում է այլ երկրներից եկող ուղիղ ներդրումների շնորհիվ, «Հայաստանում այդ հակառակ գործընթացը գրեթե չկա, կապիտալի ներհոսքը էպիզոդիկ բնույթ է կրում, ինչը վտանգում է երկրի տնտեսական անվտանգությունը»,-ասել է նա:

Տնտեսագետը նաև արծարծել է ներդումների ներգրավման «միակողմանիության» խնդիրը, որի տակ հասկանում են միայ օտարերկրյա ներդրումներ: «Եթե չաճի տեղի ներդրողների վստահությունը երկրի տնտեսության հանդեպ, օտարերկրյա ներդրումները կարող են քաղաքականացված լինել»,-ասել է նա: