AM
20 Հուլիս 2011 - 12:22 AMT

Շ.Շայդուլինը հավաստիացրել է, որ ՀԿԵ-ն հավատարիմ իր ներդրումային պարտավորություններին

Հուլիսի 20-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագածային աշխատանքների կատարման ընթաքցը, եւ որոշվել է առաջիկայում համապատասխան մասնագետների հետ համատեղ կազմակերպել ծրագրի ներկայացված հինգ տարբերակների, ինչպես նաեւ դրանց ֆինանսական գնահատականների քննարկում եւ ներկայացնել առաջարկություն հետագա իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Երկուստեք անդրադարձել են կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված համաձայնագրի քննարկման ընթացքին, երկաթուղու անշարժ գույքը որպես ՀՀ սեփականություն գրանցելու եւ դրանց տիրապետման իրավունքները «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին փոխանցելու գործընթացին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ ներկայացվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումային ծրագրի առաջին կիսամյակի նախնական կատարողականը:

Շ.Շայդուլինը պարզաբանում է ներկայացրել ներդրումային ծրագրի թերացման վերաբերյալ եւ հավաստիացրել, որ ամբողջ ներդրումային պարտավորությունները կկատարվեն հաջորդ կիսամյակում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի Խորհրդի 55-րդ հերթական նիստի կազմակերպչական հարցերին, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո ծառայությունը: