AM
8 Օգոստոս 2011 - 10:34 AMT

Հայաստանում համաներմամբ արդեն ազատ է արձակվել 558 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը: Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 558 դատապարտյալ, կրճատվել է 323 դատապարտյալի պատժամիջոց: Այսպիսով, օգոստոսի 6-ի դրությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել 67 դատապարտյալ, «Էրեբունիից»՝ 118, «Վարդաշենից»՝ 34, «Դատապարտյալների հիվանդանոցից»՝ 31, «Արթիկից»՝ 48, «Վանաձորից»՝ 19, «Սևանից»՝ 71, »Հրազդանից»՝ 32, «Աբովյանից»՝ 7, «Գորիսից»՝ 16, «Կոշից»՝ 115 դատապարտյալ:

Ինչպես հայտնում են Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, գործընթացը շարունակվում է:

Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց Ազգային ժողովին՝ առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է ՀՀ Սահմանադրության 81 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ՀՀ նախագահի առաջարկը համաներում հայտարարելու մասին: ԱԺ պատգամավորները 91 «կողմ» ձայնով քվեարկեցին նախագահի առաջարկության օգտին: «Դեմ» քվեարկող չեղավ: