Քիչ առաջ մեկնարկեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների գրանցումը։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Թումո կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը, կենտրոնի բացման արարողության օրերին նախնական գրանցվել է մոտ 1000 սան։
«Օգոստոսի 12-ին և 13-ին մեր կամավորները շրջեցին iPad-ներով Թումոյի տարածքում։ Նախնական գրանցման 1 ժամ էր հայտարարված։ Այդ ընթացքում օրը մեկ ժամում նախնական գրանցում անցան 400-500 հոգի»,-ասաց Սեդա Պապոյանը։
Ինչպես հայտնել էր Սեդա Պապոյանը նախկինում, Թումո կենտրոնն ակնկալում է երեք ամսում 10 000 սան ունենալ։
Թումո կենտրոնի սան կարող է դառնալ 12-18 տարեկան յուրաքանչյուր երեխա։ Կենտրոնում ուսումն անվճար է։ Գրանցվելու համար անհրաժեշտ պայմաններից է ծնողների ներկայությունը. գրանցվողի և ծնողների ստորագրությամբ կնքվում է պայմանագիր։ Անհրաժեշտ է ներկայացնել մի քանի փաստաթուղթ և 10 000 դրամ դեպոզիտ տրամադրել։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին։
Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է, նախատեսված է կրկին 500 երեխայի համար։