AM
15 August 2011 - 09:14 AMT

Թումո կենտրոնի բացման միջոցառումներին օնլայն հետևել է 10 000-ից ավելի մարդ

Օգոստոսի 12-ին, 13-ին և 14-ին կայացան Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման միջոցառումները։ Առաջին երկու օրերին դրանց հնարավոր էր հետևել նաև օնլայն։

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Թումո կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը, բացման միջոցառումներին ներկա էր մոտ 20 000 մարդ, իսկ օնլայն հետևում էին մոտ 10 000 -ը։

Միջոցառումների ժամանակ բեմի էկրանին հայտվում էին ներկաների SMS հաղորդագրությունները՝ ուղղված Թումոյին կամ այլ մարդկանց։ Սեդա Պապոյանի խոսքով, երկու օրերի ընթացքում ստացել են մոտ 5000 SMS հաղորդագրություն, սակայն ծրագրային դժվարությունների պատճառով դրանցից միայն 1.500-ն են կարողացել տեղադրել էկրանին։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին։

Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է, նախատեսված է կրկին 500 երեխայի համար։