AM
16 Օգոստոս 2011 - 08:40 AMT

Սննդամթերքի համաշխարհային գներն աճել են 33 տոկոսով

Սննդամթերքի համաշխարհային գները 2010թ. հուլիսի համեմատ աճել են 33 տոկոսով և մոտեցել են 2008թ. առավելագույն մակարդակին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Համաշխարհային բանկի հերթական հաշվետվությանը: Ինչպես ասվում է փաստաթղթում, սննդամթերքի համաշխարհային պաշարները մնում են տագնապալի ցածր մակարդակի վրա, սննդամթերքի ներքին գների տատանումներն անկանխատեսելի են. որոշ շուկաներում եգիպտացորենի գինն աճել է երկու անգամ, մյուս շուկաներում, հակառակը, նվազել է 19 տոկոով: ՀԲ-ն նշում է, որ Աֆրիկայի որոշ երկրներում շուրջ 12 մլն մարդ շտապ պարենային օգնության կարիք ունի: Տեղաբնակների սննդակարգի հիմնական բաղադրիչները՝ հացազգիներն ու մաիսը, ներկայումս գերազանցում են 2008թ. առավելագույն ցուցանիշը: «Սովը տարածաշրջանում ունի նաև այլ պատճառներ՝ տևական երաշտ, հակամարտություններ ու անկարգություններ»,-ասվում է փաստաթղթում: Նույնիսկ այն տարածաշրջաններում, որտեղ սով չկա, բնակչության բազմաթիվ շերտեր տառապում են սննդամթերքի գնաճից, արձանագրում են բանկեի փորձագետները: «Վերջին հաշվով, երկրների կառավարությունները պետք է ինքնուրույն հավասարակշռեն բոլոր սոցիալական, քաղաքական գործոնները, մշակելու համար քաղաքականություն, որը կարող է պաշտպանել ամենախոցելի շերտերին երկարաժամկետ հեռանկարում»,-ասվում է ՀԲ զեկույցում: