AM
16 Օգոստոս 2011 - 09:31 AMT

KfW-ն 650 հազար եվրո կհատկացնի Հայաստանին կենցաղային թափոնների կառավարման ուսումնասիրության համար

Օգոստոսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունեց Գերմանիայի պետքարտուղար Յորգ Ասմուսենին: Պատվիրակության կազմում էին նաև Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի (KfW) գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգը, բանկի փոխնախագահ Եվա Վիտտը, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և այլոք, հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում իրականացնող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի միջև կնքվեց նաև ֆինանսավորման համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի Վանաձոր քաղաքի և հարակից այլ համայնքների կոշտ կենցաղային թափոնների կառավարման փորձագիտական ուսումնասիրություն: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը և բանկի գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգը:

Ուսումնասիրության շրջանակներում կկատարվի համայնքներում իրականացվող աղբահանության ծառայության ներկայիս իրավիճակի գնահատում, կներկայացվեն ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկը և վերջինիս իրականացման հետ կապված ֆինանսական գնահատականը: Բացի այդ, կհստակեցվեն գործող աղբավայրի փակման և Եվրամիության նորմերին համապատասխան նոր սանիտարական աղբավայրի տեղանքի ընտրության և կառուցման համար անհրաժեշտ միջոցառումները, թափոնների վերամշակման հնարավորությունները և դրանց ֆինանսական հաշվարկները:

Փորձագիտական ուսումնասիրությունը կտևի մոտ 10 ամիս, դրամաշնորհի չափը կազմում է 650 հազար եվրո: