Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մթերման ընթացքին և վերամշակող ընկերությունների աշխատանքներին հետևելու նպատակով օգոստոսի 16-ին եղել է Արմավիրում, Էջմիածնում և Մասիսում` այցելելով տեղի վերամշակող ձեռնարկություններ: Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, նախարարը նախ շրջել է Արմավիրի մարզի «Լևոն» ՍՊԸ-ում` ծանոթանալով «Դալարիկ» ապրանքանիշի արտադրանքին: Նախկին «Սարդարապատ» պահածոների գործարանի բազայի վրա հիմնված ձեռնարկությունն այժմ աշխատում է իր հզորության 40 տոկոսի չափով: Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով «Գյուղական տարածքների տնտեսական հիմնադրամ»-ից կտրամադրվի 200 մլն դրամ: «Արարատյան դաշտավայրում` հատկապես Արմավիրի մարզում, մեծ է վերամշակող ձեռնարկությունների դերը: Վերամշակող ճյուղը մեծ նշանակություն ունի բերքի իրացման հարցում: Կարևորելով դա` մենք հիմնադրամի միջոցով վերականգնում ենք չաշխատող կամ դժվարություններ ունեցող պահածոների գործարանների գործունեությունը», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` մատնանշելով Մեղրիի պահածոների գործարանի արտադրական ծավալների մեծացումը, Տավուշի վերամշակող ձեռնարկության` երկարատև դադարից հետո վերագործարկումը:
Այս աշնանը կամ հաջորդ տարվանից կգործի նաև Սյունիքի մարզի Հարջիսի պահածոների գործարանը: Վերագործարկման փուլում է նաև Եղեգնաձորի պահածոների գործարանը: Գյուղատնտեսության նախարարը եղել է նաև Էջմիածնի պահածոների գործարանում, ինչպես նաև «Ալիշան» ընկերությունում` նշելով, որ վերամշակող ճյուղը Հայաստանում առաջատար դիրքերում է, և պետք է հնարավորինս զարգացնել այն, քանի որ լոկոմոտիվի դեր ստանձնելով` վերջինը կարող է իր հետևից առաջ տանել նաև այլ ճյուղեր: Ինչպես վստահեցրել է նախարար Սերգո Կարապետյանը, գյուղացու մշակած բերքն այս տարի ամբողջությամբ կիրացվի:






