Օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստան խմբի (Google technology User Group Armenia) նախաձեռնությամբ Երևանը կմիանա ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր երկօրյա Chrome հաքաթոնին։ Հաքաթոնների նպատակն է միավորել մարդկանց ինչ-որ մի բան զարգացնելու, մշակելու և բարելավելու նպատակով։
Chrome հաքաթոնի մասնակիցները միևնույն սրահում կփորձեն իրագործել Chrome բրաուզերի՝ օգտագործողների կողմից առաջադրված ցանկություններից որոշները: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց GTUG Հայաստան խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը։
«Կարծում եմ մասնակիցները կձևավորեն մի քանի խումբ և միասին կփորձեն լուծել Chrome -ի խնդիրները՝ գրելով Chrome հավելումներ (extensions) կամ Chrome Web Apps ծրագրեր»,-ասաց Վարդան Գրիգորյանը։ Վարդան Գրիգորյանի խոսքով հաքաթոնի ընթացքում Google+ սոցիալական ցանցի Hangout ֆունկիցայի միջոցով Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից Google-ի աշխատակիցներ Իլմարի Հեիքինենը և Մայք Ուեսթը կմիանան հաքաթոնին և խնդիրների դեպքում կփոձեն օգնել մասնակիցներին։
Ըստ Վարդան Գրիգորյանի, ակնկալվում է մոտ 15 ծրագրավորող մասնակցի և մի շարք հետաքրքրվողների ներկայություն։ «Քանի որ սա առաջին հաքաթոնն է, կարծում եմ, որ մարդիկ կվախենան, վստահ չեն լինի իրենց ուժերի վրա։ Այս հաքաթոնը կօգնի նրանց ծանոթանալ, թե ինչպես են անցկացվում նման միջոցառումները»,- նշեց Վարդան Գրիգորյանը։ Վարդան Գրիգորյանն ասաց, որ հատկապես Կիևում շատ հաճախ են կազմակերպվում նման հաքաթոններ։ Ըստ նրա այս հաքաթոնի նպատակն է նաև հասկանալ, թե ինչ հեռանկարներ կան Հայաստանում։
Chrome հաքաթոնը կընթանա 4 փուլով. 1-ին փուլը բուն երկորյա հաքաթոնն է։ Օգոստոսի 29-ից հոկտեմբերի 8-ը ընթացող 2-րդ փուլի ընթացքում կանցկացվի հաքաթոնի արդյունքում ստեղծված հավելումների և ծրագրերի օնլայն մրցույթ-քվեարկություն։ 3-րդ փուլը՝ DemoFest-ը կկայանա հոկտեմբերի 9-ին Մոսկվայի Գուգլյան գրասենյակում, որի ժամանակ կներկայացվեն օնլայն մրցույթի արդյունքերով լավագույն լուծումները: Դե իսկ ամենավերջին փուլում 4 անձից բաղկացած ժյուրին կորոշի և կհայտարարի հաղթողներին։ Մրցանակները կհանձնվեն Մոսկվայում անցկացվող Google Developer Day 2011 միջոցառման ժամանակ հոկտեմբերի 10-ին։ Առաջին 3 հորիզոնականները զբաղեցնող մասնակիցները կստանան Mac Book Air համակարգիչներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնողները` այլ արժեքավոր նվերներ:
Հաքաթոնին կարող են մասնակցել բոլոր ծրագրավորողները՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական մակարդակի։ Բոլոր մասնակիցները պետք է գրանցվեն մինչև օգոստոսի 25-ը ներառյալ և իրենց հետ ունենան նոթբուք կամ նեթբուք։ Հաքաթոն անվանումը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking բառն օգտագործվում է տեխնիկական իմաստով՝ լավ տիրապետել և բարելավել։ Առաջին անգամ Հաքաթոն միջոցառումն անցկացվել է1999թ-ին Կանադայի Կալգարի քաղաքում։