Այսօր կենցաղային տեխնիկա արտադրող “Samsung Electronics” ընկերության մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանում Samsung-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը հայտնեց, որ այսուհետ ՀՀ տարածք պաշտոնապես ներմուծված բոլոր Samsung հեռուստացույցները կվաճառվեն «Արտադրված է Հայաստանի համար» հոլոգրաֆիկ նշաններով։ «Այս հոլոգրաֆիկ նշանների շնորհիվ գնորդը կկարողանա տարբերել պաշտոնական արտադրանքը Հայաստան ներկրված ոչ պաշտոնական արտադրանքից։ Հոլոգրաֆիկ նշանի առկայությունը երաշխիք կհանդիսանա Եվրոպայում արտադրված օրիգինալ Samsung հեռուստացույցներ ձեռք բերելու, ինչպես նաև արտադրողի կողմից պաշտոնական երաշխիքային սպասարկում տրամադրելու համար»,- ասաց Անդրանիկ Շահբազյանը։
Ինչպես ավելացրեց Անդրանիկ Շահբազյանը, նման հոլոգրաֆիկ նշաններով ներկրված հեռուստացույցները արտադրված են հենց հայաստանյան սպառողի համար, և եթե սպառողը գնում է հեռուստացույց արտերկրից և բերում Հայաստան, հնարավոր է, որ որոշ ֆունկցիաներ չաշխատեն, քանի որ գնված հեռուստացույցը հայ սպառողի համար չէ արտադրված։
Samsung հեռուստացույցները Հայաստանում վաճառվում են Samsung ֆիրմային խանութներում և «ԶիգԶագ» խանութում։