Պեկինում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջազգային առևտրի աջակցության հանձնաժողովի նախագահ Ուանգ Ջիֆեիի հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև առևտրային կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:
Կողմերն ընդգծեցին, որ առկա է գործակցության չիրացված մեծ ներուժ: Քննարկվեցին հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման, մասնավորապես` երկկողմ առևտրում ապրանքատեսակների բազմազանության ավելացման և դրանց որակի բարձրացման խնդիրները: Հանձնաժողովի նախագահի խոսքով` չինական շուկան հայկական ապրանքների իրացման լայն հնարավորություն է ընձեռում, և իրենք պատրաստակամ են աջակցել հայկական արտադրանքի արտահանմանը: Նա իր ղեկավարած կառույցի միջոցով Հայաստանի տնտեսության և ներդրումային միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը չինացի գործարարներին հասանելի դարձնելու պատրաստակամություն հայտնեց: Անդրադարձ եղավ նաև հայ գործարարների և մասնագիտացված կառույցների համար Չինաստանում գործարար կապերի և բիզնեսի համապատասխան դասընթացներ իրականացնելու հնարավորություններին:
Ա. Գևորգյանը տեղեկություններ հաղորդեց Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի մասին, ներկայացրեց իրականացվող հիմնական խոշոր ծրագրերը` նշելով, որ չինական ընկերությունները կարող են մասնակցել թե որպես ներդրողներ և թե համապատասխան ծառայություններ մատուցողներ:
Երկուստեք դրական գնահատվեց այս տարի ապրիլին Երևանում հայ-չինական գործարար համաժողովի անցկացումը, արձանագրվեց, որ նման հանդիպումների, ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպումը լուրջ խթան կարող է լինել երկկողմ առևտրային կապերի աշխուժացման համար:
Զրուցակիցները նշեցին, որ գալիք տարի Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի միջոցառումների շրջանակում հնարավոր է իրականացնել մի շարք միջոցառումներ` ուղղված առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և գործարարների միջև ուղիղ կապերի հաստատմանը:
Փոխվարչապետը հանձնաժողովի նախագահին հրավիրեց Հայաստան` տեղում գործակցության հնարավորություններին և ուղղություններին ծանոթանալու համար, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը:






