Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է մասնակցել «կոալիցիա-ՀԱԿ» քաղաքական երկխոսության գործընթացի շրջանակներում հերթական 7-րդ փուլին` համարելով դա ոչ նպատակահարմար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱԿ աշխատանքային խմբի անդամ Սամվել Աբրահամյանը: Նա նաև հաղորդել է, որ ՀԱԿ քայլի հետ կապված բոլոր հարցերին կպատասխանի կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ժամը 13:00-ին կայանալիք ասուլիսի ժամանակ:
Իշխող կոալիցիայի և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսության շրջանակներում հուլիսի 18-ից սկսվել են նրանց աշխատանքային խմբերի հանդիպումները:
Գործընթացում որոշակի բարդություններ են ծագել օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունից հետո:
Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել:






