Այսօր սեպտեմբերի 2-5-ը Շուշիում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների երիտասարդական չկոնֆերանսի՝ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ի մասնակիցների գրանցման վերջին օրն է։«Արցախի կրթական հիմնադրամ»-ի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ ակնկալում են 100-ից ավելի մասնակիցների։ Վլադիմիր Գրիգորյանի խոսքով Հայաստանից գրանցել և հրավիրել են 60 հոգու, որոնց չկոնֆերանսի օրերին ապահովելու են սնունդով և կացարանով ։
«Արցախից գրանցվել է 40 հոգի։ Իսկ Հայաստանից՝ բացի մեր հրավիրված մասնակիցներից կան այլ ցանկացողներ, որոնք, իհարկե, կարող են գալ, մասնակցել, սակայն մեր ֆինանսական միջոցները բավարարում են միայն 60 հոգու սննդի և կացարանի համար։ Մնացած մասնակցել ցանկացողներին մենք կարող ենք օգնել հարմար տեղ գտնելու հարցում, սակայն արդեն իրենց ֆինանսական միջոցներով»,- նշեց Վլադիմիր Գրիգորյանը։
Վլադիմիր Գրիգորյանը հայտնեց նաև, որ բոլոր տեխնիկական հարցերը լուծված են։ Կլինի 3 սենյակ, որտեղ միաժամանակ կընթանան շնորհանդեսները, և բոլոր սենյակները ապահովված կլինեն անլար Wi-Fi ինտերնետ կապով։
«ԲարՔեմփ Արցախ-2011»-ի ընթացքում մասնակիցները կշրջեն նաև Շուշիում և կայցելեն Դադիվանք։
Չկոնֆերանսի կազմակերպիչն է «Արցախի կրթական հիմնադրամ»-ը, աջակիցը՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը ինտերնետով կապահովի «Արմինկո» ընկերությունը։
Հայաստանում չկոնֆերանսն առաջին անգամ անցկացվել է 2009թ-ին, որին հաջորդել են «ԲարՔեմփ Երևան» 2010 և 2011-ը։ Իսկ Արցախում առաջին անգամ այն կայացել է անցյալ տարի։
BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։