ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 30-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին և նույն ծրագրի վերլուծող` Միլա Պանպոլինային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը, կատարված աշխատանքները և կարևորել են այդ ճանապարհների պահպանման և շահագործման խնդիրը:
Այնուհետև երկուստեք մանրամասն անդրադարձել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 հատվածների վերակառուցման ֆինանսավորման, բնապահպանական, կազմակերպչական, անշարժ գույքի օտարմանն առնչվող մի շարք հարցերին: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Արտո Ահոնեին իր գոհունակությունն է հայտնել վերոնշյալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Երկուստեք քննարկել են նաև նույն ծրագրի` Տրանշ-3 հատվածի, վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` հատկապես կարևորելով ծրագծի հետագա ամբողջական նախագծման ընթացքում նոր կարողությունների ձևավորման և ամրապնդման, նոր չափանիշների կիրառման հարցերը:






