AM
31 Օգոստոս 2011 - 10:21 AMT

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Անդրեի կայքը Մուբարիզ Իբրահիմովի պատվին

Հայ երգիչ ծնունդով արցախցի Անդրեի կայքը կոտրել են AsSert անվանումով ադրբեջանցի հաքերները։ Վերջիններս Անդրեի կայքում՝ andre.am-ում թողել են «Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին» հաղորդագրությունը և Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Մուբարիզ Իբրահիմովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստացել է ազգային հերոսի կոչում։ 2010-ի հունիսի 18-ին Չայլու գյուղի շրջանում ադրբեջանական խումբը փորձել է ներխուժել ԼՂՀ տարածք: Կարճատև ձեռնամարտի արդյունքում զոհվել է Ադրբեջանի ազգային բանակի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը:

Սա երկրորդ դեպքն է, երբ Անդրեի անձնական կայքը հաքերային հարձակման զոհ է դառնում։ Առաջին անգամ կայքը կոտրել էին 2006թ-ի մարտին մի շարք կայքերի հետ զուգահեռ։ 2006-ին հաքերային հարձակման առիթ էր դարձել Անդրեի մասնակցությունը Եվրատեսիլի երաժշտական մրցույթին։ Կայքը կոտրելուց հետո դրանում զետեղվեցին Խոջալուի զոհերի լուսանկարները։