«Աշտարակ կաթ» ընկերությունը, արձագանքելով սեփական արտադրության որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը վերաբերող մամուլի հրապարակումներին, այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես նշում է ընկերության մամլո ծառայությունը, «Աշտարակ կաթը», սերտորեն համագործակցելով կաթ մթերող 6000-ից ավելի ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ, նրանցից 2011թ. ընթացքում կաթ է մթերել մոտ 35%-ով ավելի բարձր գնով, քան 2010 թ. նույն ժամանակաշրջանում: Անգամ հաշվի առնելով սեզոնային որոշ տատանումներ, որոնք առկա են ամեն տարի (թե' աճի, թե' նվազման ուղղությամբ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մթերման գնի նշված աճը մշտապես պահպանվել է նույն մակարդակի վրա: Բացի դրանից այդ ժամանակահատվածում 10-50%-ով աճել են ներկրվող հումքի, փաթեթավորման նյութերի և վառելիքի գները:
«Ինքնարժեքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլվել «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու գների վրա: Պատճառն այն է, որ ընկերությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել իր սպառողների շահերը, գների կայունությունը պահպանելով զուտ իր շահույթի նվազեցման հաշվին, իսկ որոշ դեպքերում նաև` վնասներ կրելով»,- ընդգծում է ընկերությունը: Դրա հետ մեկտեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ կաթնամթերքի ինքնարժեքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցավոտ հետևանքները հնարավորինս մեղմելու համար «Աշտարակ կաթ» ընկերությունը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով: Ընդ որում, ընկերության արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժեք չլինել կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացմանը: «Աշտարակ կաթը» հանդիսանալով հայրենական արտադրող և խոշոր հարկատու ընկերություն` այսուհետ ևս ջանք չի խնայելու տեղական արտադրության զարգացմանը նպաստելու գործում` միևնույն ժամանակ շարունակելով հաշվի առնել թե' սպառողների, թե' գործընկերների և թե' ընկերության շահերը:
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) օգոստոսի 29-ին «Աշտարակ կաթ» ընկերությունից պահանջել էր եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն` իր կողմից արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ` շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ:






