Այսօր` սեպտեմբերի 4-ին ընթանում է ԲարՔեմփ Արցախ 2011-ի՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանսի երկրորդ և վերջին օրը: Ի տարբերություն առաջին օրվա այսօր շնորհանդեսներն ավելի շատ են և միաժամանակ երեք լսարաններում են անցկացվում: Մասնակիցները պատմում են ստարտափների, հայաֆիկացվող ծրագրերի, ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ գործիքների մասին: Մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը և Նորայր Չիլինգարյանը ներկայացրեցին շնորհանդես թվային միջավայրերի հայաֆիկացման մասին: Նրանց խոսքով կատարվում է մեծ աշխատանք ՕՀ-ները (օպերացիոն համակարգերը) և մի շարք ծրագրերը հայաֆիկացնելու համար:
«Օրինակ Microsoft-ի կայքից կարելի է ներբեռնել հայաֆիկացված Microsoft Office 2010-ը: Պարբերաբար հայերեն է թարգմանվում Mozilla FireFox զննարկիչը (բրաուզերը): Իհարկե սկզբից ամեն ինչ տաօրինակ է թվում, սակայն մի քանի օրվա ընթացքում սկսում ես ընտելանալ ես հայաֆիկացված տարբերակին: Օրինակ copy ֆունկցիան՝ կրկնապատկելն է: Microsoft Word-ն անգամ տեքստի ստուգման համակարգ ունի»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը: Արմեն Հովհաննիսյանի կարծիքով տրանսլիտ գրելը հավասար է քրեորոն պատժելի արարքի. «Ես չեմ պնդում, որ պետք է պարտադիր օգտվել հայաֆիկացված համակարգերից և ծրագրերից: Սակայն կա մի այլանդակություն՝ տրանսլիտը: Տրանսլիտով գրված ցանկացած տեքստ տեղեկատվական արժեք չի ներկայացնում»:
Նորայր Չիլինգարյանի նշեց, որ իհարկե հնարավոր է հայերեն տառատեսակները տեղադրել հեռախոսներում հայերեն կարդալու համար: Սակայն հայերենը անդրոիդում, սիմբիանում կամ այլ համակարգում կարդալն անհրաժեշտ է պայման է, բայց ոչ բավարար:
«Հայաֆիկացնողների մոտ միշտ խնդիր է առաջանում արդյո՞ք նախագծողը կավելացնի այն իր ծրագրի մեջ: Տվյալ դեպքում ավելի լավ է աշխատել ազատ պրոեկտների հետ, որոնք հում են լինում և լավացնելու տեղ ունեն», – ավելացրեց Նորայր Չիլինգարյանը:
Այն հարցին, թե ո՞վ է որոշում տերմինների ճիշտ թարգմանությունը, Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ բոլոր երկրներում կան նման տերմինալոգիայի համար պատասխանատու, վերջնական որոշող խմբեր, որի ստեղծման կարիքը կա նաև Հայաստանում:
Մասնակիցներից Ալեքսանդր Կանանյանը նշեց, որ աշխարհի լեզուների մեծ մասը հարստացնում է իր բառապաշարը միջազային լեզուների փոխառությամբ: «Իսկ հայերենն իր ճաշակով և ներքին տրամաբանությամբ գրեթե չի ընկալում որևէ փոխառություն»,- նշեց նա:
Չկոնֆերանսի կազմակերպիչն է «Արցախի կրթական հիմնադրամ»-ը, աջակիցը՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը ինտերնետով ապահովում է «Արմինկո» ընկերությունը։ Հայաստանում չկոնֆերանսն առաջին անգամ անցկացվել է 2009թ-ին, որին հաջորդել են «ԲարՔեմփ Երևան» 2010 և 2011-ը։ Իսկ Արցախում առաջին անգամ այն կայացել է անցյալ տարի։
BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։






