Այսօր՝ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում արձանագրվեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, որի հետևանքով մոտ 20 բնակելի տների բնակիչներ կրել են կենցաղային անհարմարություններ և ֆինանսական կորուստներ:
Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի գործունեության ընթացքում առաջին անգամ է վարչական վարույթ հարուցվում «ՀԷՑ»-ի նկատմամբ, որոշվեց վերանայել առաջարկվող պատասխանատվության միջոցը, այն է՝ 20 միլիոն դրամ տուգանքը և «ՀԷՑ»-ին տալ խիստ նախազգուշացում՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել նման խախտումները: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հասարակությանը կոչ արեց «ՀԷՑ»-ի, կամ այլ տնտեսվարողների կողմից որևէ խախտում հայտնաբերելու դեպքում անպայման դիմել Հանձնաժողովին: ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ ևս մեկ անգամ օրենքի խախտում թույլ տալու դեպքում «ՀԷՑ»-ը կենթարկվի խոշոր դրամական տուգանքի, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:






