AM
7 Սեպտեմբեր 2011 - 13:39 AMT

Հայաստանի Գյուղնախարարությունն ու Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլի հայկական մասնաճյուղը սեպտեմբերի 9-ին կկնքեն Փոխըմբռնման հուշագիր` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Ինչպես նշվում է նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ, Փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլի գործառնությունների գլխավոր տնօրեն/միջազգային ծրագրերի գործադիր փոխնախագահ Սթիվեն Օթթո Դեննին և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի տնօրեն տկն. Անահիտ Ղազանչյանը:

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնելու Հայաստանի 6 մարզերի 55 լեռնային համայնքների արոտավայրերից օգտվող անասնապահական ուղղվածություն ունեցող տնտեսությունների արտադրողականությունը և կայունությունը` կաթի արտադրության ծավալների աճի, արոտավայրերի պատշաճ կառավարման և անասնապահական արտադրատեսակների վաճառքի ծավալների աճի միջոցով: