AM
9 Սեպտեմբեր 2011 - 04:27 AMT

Էլեկտրոնային մեքենանե՞րն են, որ պետք է փրկեն «կանաչը»

Աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը միտված է կրել «եղի'ր կանաչ», «նպաստի'ր կանաչին» և նման այլ կանաչ գաղափարներ։

Կանաչ գաղափարներից մոդայիկ է էլեկտրոնային ավտոմեքնեաների արտադրությունը, որոնց ստեղծման պատմությունը սկսվում է դեռևս վաղ 1890-ականներից։ Էլեկտրոնային մեքենաներն ինքնագնաց են, շարժվում են էլեկտրոնային շարժիչով։ Շարժիչն էներգիան ստանում է որևէ մարտկոցից կամ մեկ այլ էներգիա պարունակող սարքավորումից։

Այժմ աշխարհում այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսին NISSAN-ն է, Ford-ը, Mitsubishi-ն, Toyota-ն, Honda-ն և ուրիշները, ունեն իրենց սեփական բրենդի բնապահպապանական, կանաչի գաղափարը կրող մեքենան։ Հատկապես աչքի է ընկնում Nissan-ի Leaf-ն իր բնապահպանական անվամբ. Leaf նշանակում է տերև։

Իհարկե, նման ավտոմեքենաները թանկարժեք են` կապված որակյալ մարտկոցների հետ, սակայն աշխարհի ավելի քան 17 երկրներում գտնում են, որ էլեկտրոնային մեքենան օդի մաքրությանը, մարդկանց առողջությանը և կանաչի գաղափարին նպաստելու լավագույն մեթոդներից է։

Վերջերս Հայաստանում RENAULT-«ՄԵԳԱՆ»-ի ներկայացուցչությունը հայտնել էր RENAULT էլեկտրամոբիլների` 2011թ. վերջին Հայաստանում հայտնվելու հնարավորության մասին: Սակայն դրան հաջորդել էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ժխտումը, քանի որ Հայաստանը էներգախնայողության ուղին է բռնել։

Ինչպես նախկինում ասել էր «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, մեքենաներից մթնոլորտ արտանետվող գազերի հիմնական վնասակար բաղադրիչը CO-ն է։ Ներթափանցելով մարդու օրգանիզմ` այն խանգարում է օրգաններին թթվածնի մատակարարմանը և բերում բազմաթիվ հիվանդությունների։

Հայաստանը կրկին զիջում է աշխարհի շատ երկրներին։ Մեր երթուղայիններն ու ավտոմեքենաներն աշխատում են գազով կամ բենզինով և հաճախ երթուղայինում այնպիսի հոտ է բարձրանում, որ թվում է, թե գազը ներթափանցել է ներս և քիչ է մնում` երթուղայինը պայթի։

Թարսի պես էլ աշխարհում տրանսպորտի ոլորտում բնապահպանություն են համարում հենց հանրային տրանսպորտի օգտագործումը։ Եթե մարդ անձնական մեքենա չունի և օգտվում է հանրայինից, ապա նվազեցնում է ևս մեկ վնասակար նյութեր արտանետող մեքենայի առկայությունը փողոցներում։

Ցավալի է, սակայն եթե Հայաստանում անտառներն ու ծառերն են վերացնում և չեն մտածում մարդկանց թթվածնի մասին, էլ ուր մնաց մտածեն մեքենաների էլեկտրոնային լինելու մասին։