«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 10-ին մեկնարկում է կրթական երկու ծրագիր` «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ» (5-11 տարեկան երեխաների համար) և «Տպագրական արվեստի ներածություն» (12-32 տարեկանների համար): Կրթական ծրագրերը գործելու են «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում:
«Կրթական ծրագրերի նպատակն է. նպաստել Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, ինչպես նաև ներկայացնել տպագրությունն իբրև արվեստի տեսակ», նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«ԱրմենՏել» ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերն ուղղված են երեխաների և երիտասարդների մշակութային զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Ես ուրախ եմ, որ համատեղ ուժերով մենք ներդրում ենք անում աճող սերնդի մշակութային զարգացման գործում` հանուն Հայաստանի պայծառ ապագայի», ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
.«Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը, որին ներկայացված է Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող 44 ստեղծագործություն, բացվում է սեպտեմբերի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում: Սրահի մուտքն ամբողջ օրվա ընթացքում կլինի անվճար:
Վիկտոր Վազարելին (1906-1997) հունգարաբնակ ֆրանսիացի նկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Հունգարիայում և Ֆրանսիայում: Ստեղծագործել է Օպ-արտ ոճում: Ծնվել է Բուդապեշտում, սովորել է նույն քաղաքի համալսարանում` բժշկության բաժնում: Հեռանալով բժշկությունից, մասնավոր դասեր է ստացել Պոդոլնի-Վոլկման ակադեմիայում:
1955թ-ին արժանացել է արվեստի քննադատների պարգևին Բրյուսելում, Միլանի ոսկե մեդալին, Վենեսուելայի միջազգային գեղանկարչական մրցանակին, 1965 թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության շքանշանին և այլ պարգևների:






