AM
10 September 2011 - 08:22 AMT

Xerox կորպորացիայի ներկայացուցիչ Օջենի Սամիսը Երևանում հանդես կգա անվճար սեմինարով

Սեպտեմբերի 22-ին և 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճում տեղի կունենա Xerox կորպորացիայի ներկայացուցիչ, նախագծերի կառավարիչ Օջենի Սամիսի անվճար սեմինարը «Նախագծերի կառավարման սկզբունքները» թեմայով։Սեմինարը կազմակերպել է «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան» Հայաստանի Ամերիկյան համալսարանին կից Ճարտարագիտական քոլեջի հետ համատեղ։

«Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի» նախագահ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սեմինարի նպատակն է հանրաճանաչ դարձնել նախագծերի կառավարման ոլորտը։

«Սեմինարների ընթացքում Օջենի Սամիսը կներկայացնի նախագծերի կառավարման ընդհանուր տեսությունը, փուլերը, գործարարության դրույթները և նախագծերի կառավարչի պարտականությունները և կկիսվի իր փորձով»։

Օջենի Սամիսը կպատմի նաև, թե ինչպես հասնել հաջողության։ «Նախագծի հաջողությունը կախված է երեք կարևոր տարրերի՝ որակի, արժեքի և արտադրանքի միջև հավասարակշռությունը պահպանելուց։ Այս ամենի մասին Օջենի Սամիսն անպայման կխոսի»,-ավելացրեց Ալբերտ Պողոսյանը։

Ալբերտ Պողոսյանի խոսքով սեմինարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 150 մարդ։ Գրանցվել կարելի է «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի» կայքում։

Սեմինարի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Facebook-ում սեմիանրի իրադարձության էջում։

Օջենի Սամիսը աշխատում է Xerox կորպորացիայում արդեն 27 տարի։ Նա նախագծերի կառավարման ոլորտում հաջողությունների հասնելու մեծ փորձ ունի, պարսկահայ է։ Սովորել է էլեկտրատեխնիկա մասնագիտությամբ, ունի գիտելիքներ համակարգչային ճարտարագիտության, վաճառքի, մարքեթինգի, ֆինանասների և այլ ոլորտներում։