Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՀՀ ՏՄՊՊՀ) ամփոփեց «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները։
«Յուքոմ» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել դիմում-բողոք «ԱրմենՏել»-ի դեմ՝ հայտնելով, թե «ԱրմենՏել»-ը խոչընդոտում է շուկա նոր մուտք գործած «Յուքոմ» ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը։ «ԱրմենՏել»-ը իր բջջային ցանցից Ucom-ի ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել էր 99 դրամ բոլոր սակագնային պլանների համար, մինչդեռ «ԱրմենՏել»-ի ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը՝ կախված սակագնային պլանից «Յուքոմը» սահմանել է համապատասխանաբար 29,99 դրամ, 39 դրամ և 59 դրամ։
ՏՄՊՊՀ-ն ամրագրեց, որ «ԱրմենՏել» ընկերությունը սահմանել է խտրական գներ՝ ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ։ Ըստ հանձնաժողովի՝ «ԱրմենՏելն» ունի որոշիչ դեր շուկայում, քանի որ վերոհիշյալ շուկայի ընդհանուր հասույթի մոտ 98%-ը պատկանում է ընկերությանը, իսկ բաժանորդների՝ 99%-ը:
Հանձնաժողովը 2 որոշում է կայացրել՝ գերիշխող դիրքի չարաշահում և անբարեխիղճ մրցակցություն, որոնք երկուսն էլ վիճարկվել են դատական կարգով։ «ԱրմենՏել»-ն ասել է, որ հրաժարվում է դատական հայցերից և պատրաստ է վճարել տուգանքները։ Ինչպես նաև «ԱրմենՏել»-ը միջնորդությամբ դիմել է հանձնաժողովին և տեղեկացրել է, որ նախորդ որոշումներով ամրագրված խախտումներն ամբողջապես վերացվել են, ինչը նշանակում է, որ ընկերությունն ընդունում է իրավախախտում կատարելու փաստը։ Հանձնաժողովի 2 որոշումներով «ԱրմենՏել» ընկերությունը կվճարի պետբյուջե 100 միլիոն դրամ՝ գերիշխող դիրքի չարաշահման համար և 500 հազար դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար։
Սեպտեմբերի 9-ից «ԱրմենՏել»-ը հավասարեցրել է իր բջջային ցանցից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները`դեպի «ԱրմենՏել» ֆիքսված հեռախոսացանց կատարվող զանգերի սակագնին: Այսինքն «Յուքոմ»-ի դեպքում կհավասարեցվի՝ համապատասխանաբար 29,99 դրամ, 39 դրամ և 59 դրամ՝ կախված սակագնային պլանից։
Ինչպես նշեց «ԱրմենՏել»-ի իրավաբան Դավիթ Սանդուխչյանը, հիմնական սակագնային պլաններում խախտումների մոտ 80%-ը վերացված է, իսկ մյուս 20%-ը կվերացվի մինչև ամսվա վերջ։
«ԱրմենՏելը» տեղեկացնում է, որ տեխնիկական աշխատանքների ընթացքում որոշ սակագնային պլաներում կարող է նկատվել դեպի այլ ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի տարիֆիկացման փոփոխության ուշացում: Նման դեպքերում բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա ընկերությունը կկատարի համապատասխան ճշգրտումներ բաժանորդային հաշիվներում:






