Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՌԴ-ում ու ԱՊՀ երկրներում գերմանական «Bosch» ընկերության էլեկտրասարքավորումների վաճառքի գծով տարածաշրջանային տնօրեն Լուտց Մարշալին։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Երևանի դպրոցների աշխատանքի ուսուցման կաբինետ-լաբորատորիաները էլեկտրական աշխատանքային գործիքներով և սարքավորումներով համալրելու ծրագիրը։
«Bosch» ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում կրթական ոլորտում համագործակցության մեծ փորձ ունի։ Լուտց Մարշալը «Bosch»-ի անունից հայտնել է Երևանում նմանատիպ ծրագրի իրականացման պատրաստակամության մասին և հավելել, որ համապատասխան աշխատանքային գործիքներով ու սարքավորումներով դպրոցները համալրելուց զատ՝ ընկերությունը պատրաստ է նաև կազմակերպել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։
Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը։
«Մենք պատրաստ ենք համագործակցության, առավել ևս, եթե այդ համագործակցությունը օգուտ է բերելու երեխաներին»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Կարեն Կարապետյանը հյուրերին նաև ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ընկերության համար։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, հնարավոր այլ ոլորտներում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կրկին կայցելեն քաղաքապետարան։