Անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև հետճգնաժամայիան շրջանում շինարարության ոլորտում ներդրումային նախագծերում վերջին մեկուկես տարվա ընթացքում նկատվում է կայունացում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է «Էքսպո-Կոնցեռն» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Աղաբեկյանը: «Ներդրողները զգուշությամբ, բայց արդեն փորձում են ներդրումներ իրականացնել»,- ասել է նա:Իրագործվող նախագծերի շարքում Սուրեն Աղաբեկյանը նշել է Տիգրան Մեծի փողոցում նախագծային աշխատանքների ավարտը, որտեղ նախատեսվում է կառուցել 212 տեղի համար հյուրանոցային համալիր և մոտակայքում առևտրի կենտրոն: «Նախագիծը զբաղեցնելու է 20 000 քմ 18 մլն դոլար արժողությամբ»,- ասել է նա: Բացի դրանից, Ուլնեցու փողոցում աշխատանքներ են տարվում բնակելի շենքի նախագծման համար և պետք է սկսվեն շինարարական աշխատանքներ: «Մենք տրամադրված ենք փոքր տարածքով բնակարաններ կառուցելուն, որոնք կահավորված են լինելու, որպեսզի սպառողները բնակարան ձեռք բերելուց հետո կահավորման հետ կապված խնդիրներ չունենան»,- հավելել է նա: Անդրադառնալով անշարժ գույքին` «Էքսպո-Կոնցեռնի» տնօրենն ասել է, որ վերջին մեկուկես տարում սփյուռքի ակտիվությունը նվազել է, հայկական շուկայում պահանջարկը հիմնականում ձևավորվում է ներքին պաշարների և Իրանի քաղաքացիների կողմից:
Ինչ վերաբերվում է գներին, ապա դրանք վերջրին շրջանում կայունացել են, իսկ իրացման ծավալներն այս տարի 4-5 տոկոսով ավելի են անցյալ տարվա շրջանից: «Գները աճի մեծ պաշար ունեն, կապված նրա հետ, որ Հայաստանում հիմնական հաշվարկային փոխարժեքներն ունեն արժեզրկման միտում»,- ասել է նա:






