Մեքսիկայի կառավարական մի քանի կայք՝ ներառյալ պաշտպանության և հանրային անվտանգության կայքը, անջատվել են հինգշաբթի երեկոյան և դեռ անհասանելի են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Պաշտպանության և հանրային անվտանգության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ կայքը տեխնիկական դժվարություններ ունի։
Anonymous հաքերային խումբը, որը հաքերային հարձակումների է ենթարկում աշխարհի տարբեր ֆինանսական և կառավարական կայքեր, ասել է, որ սա խմբակային անջատում է որպես իրենց OpIndependencia առաքելության մաս, սակայն չի պարզաբանում իր գործողությունների պատճառները։
Հինգշաբթի երեկոյան մեքսիկացիները նշում էին Իսպանիայից Մեքսիկայի անկախության համար 1810թ. պատերազմի տարեդարձը։ Որպես հանրային տոն այն նշում են ուրբաթ օրը, այսինքն այսօր։
«Մեքն անոնիմ ենք, մենք լեգիոն ենք, մենք չենք ներում և չենք մոռանում։ Սպասեք մեզ»,-ասել է Anonymous-ն Twitter-ի իր իսպանալեզու էջում։ Anonymous-ը նաև հայտնել է, որ իր հաջորդ թիրախը Մեքսիկայի նախագահի կայքն է։
Anonymous հաքերային խումբը կատարել է մի շարք DOS հարձակումներ, որոնք անջատել են PayPal օնլայն վճարման համակարգի կայքը, ինչպես նաև Visa-ի և MasterCard-ի։ Anonymous հաքերային խումբը մի շարք հարձակումներ է կատարել պետական և կորպորատիվ կայքերի վրա, ինչպես նաև Sony-ի PlayStation ցանցի և Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերի վրա։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։






