AM
17 Սեպտեմբեր 2011 - 11:01 AMT

Կանգառներում տեղադրվող էլեկտրոնային վահանակները փորձարկվում են համար 16 ավտոբուսի համար

Երեկ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց Երևանի բոլոր կանգառասրահներում ժամանող ավտոբուսների ժամանակացույց ցուցադրող էլեկտրոնային վահանակների տեղադրման մասին։Էլեկտրոնային վահանակների տեղադրման ծրագիրն իրականացնող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի ծրագրերի ներդրման և սպասարկման մասնագետ Էդգար Հարությունյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ ծրագիրն առայժմ պիլոտային փուլում է գտնվում և այս փուլի հաջող արդյունքների դեպքում նախատեսվում է ներդնել ծրագիրը Երևանի բոլոր 300-ից ավելի կանգառասրահներում։

«Ծրագրի շրջանակներում ավտոբուսներում տեղադրվելու են GPS համակարգեր, որոնք ֆիքսում են ավտոբուսի հեռավորությունը կանգառից և մոտավոր հաշվարկ անում, թե քանի րոպեից ավտոբուսը կհասնի կանգառ։ Այդ ինֆորմացիան GPS-ն ուղարկում է արբանյակ։ Էլեկտրոնային վահանակի ծրագիրը ստանում է այն արբանյակից և ցուցադրում ավտոբուսի համարն ու ժամանմանը մնացած րոպեները։ Այս գործընթացը տեղի է ունենում ամեն վայրկյան։ Յուրաքանչյուր վահանակ միաժամանակ երեք տողով ցուցադրում է երեք տարբեր ավտոբուսների ժամանմանը մնացած րոպեները»,- ասաց Էդգար Հարությունյանը։

Ըստ Էդգար Հարությունյանի՝ այս պահին 16 համարի ավտոբուսներից երեքում տեղադրված են GPS համակարգեր։ Իսկ էլեկտրոնային վահանակ տեղադրված է ընդամենը Տիգրան Մեծի փողոցում գտնվող մեկ կանգառասրահում։

Էդգար Հարությունյանի խոսքով, նախատեսված է նաև վահանակների անվտանգության ապահովումը։ Վահանակները տեղադրվելու են մարդու հասակից բարձր և դրանք հսկելու են կանգառասրահներում տեղադրված տեսախցիկները։

Ըստ Էդգար Հարությունյանի՝ դեռևս հստակ ժամկետներ չկան, թե երբ կավարտվի պիլոտային փուլը և երբ կսկսվի ծրագրի ամբողջական իրականացումը։ Նրա խոսքով սա կապված է նոյեմբերին մայրաքաղաք ներկրվող նոր ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 66 ավտոբուսի հետ։ «Իսկ առայժմ ծրագիրը միայն ավտոբուսների համար է նախատեսված և հավանաբար ծրագրի ամբողջական իրականացման ժամանակ երթուղայինները նույնպես կմիանան ծրագրին»,-ավելացրեց նա։