Դեկտեմբերի վերջին և hունվարի սկզբին Ստեփանակերտի և Շուշիի 16 դպրոցների 1-4 դասարանների աշակերտներն ու ուսուցիչները կստանան հատուկ՝ ուսումնական ծրագրերի համար մշակված նոթբուքեր։ Այսօր «Ֆրութֆուլ Արմենիա» 7-րդ «Գործիքներ կրթության համար. նոր տեխնոլոգիաներ կրթական համակարգում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին ասաց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի «Նուռ» ծրագրի գործադիր տնօրեն Սեբաստիան Արիաս Դուվալը։
«Առաջին հերթին նոթբուքերի հետ վարվել կսովորեցնենք ուսուցիչներին, քանի որ դա հատուկ մշակված նոթբուք է և ունի զուտ ուսումնական բնույթ»,- ասաց Դուվալը՝ հավելելով, որ նրանցում ներառված են 1-4 դասարանների ամբողջական ուսումնական ծրագրերը։ Նոթբուքերով երեխաները կսովորեն ոչ միայն ինֆորմատիկա, այլև բոլոր մյուս առարկաները։
Բոլոր դպրոցները, որտեղ կիրականացվի ծրագիրը, կապահովվեն WiFi անլար ինտերնետով։ ԼՂՀ իշխանությունները արդեն իսկ բանակցում են ինտերնետ մատակարարող ընկերությունների հետ, որպեսզի այն հեռավոր շրջաններում ևս հասանելի լինի, ինչն էլ հնարավորություն կտա նոթբուքերի ծրագիրը կիրառել նաև Շուշիից ու Սեփանակերտից դուրս։
Համաժողովի օրակարգում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ելույթը։ Վերջինս դեռ երեկ հաստատել էր իր մասնակցությունը, սակայն այսօր ներկա չէր։