Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ, մշակելով նոր ծրագրեր: Այդ մասին սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է միության նախագահ Գագիկ Գևորգյանը: «Առաջին հերթին, նպատակ ունենք առաջիկա երկու տարում ազատ տնտեսական գոտի ստեղծել AJA ջանքերով ու իշխանությունների աջակցությամբ, որպեսզի ողջ աշխարհի ոսկերիչները իրենց գործը հիմնեն Հայաստանում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և առանց խոչընդոտների արտահանելով իրենց արտադրանքը»,-ասել է նա:
Բացի այդ, ինչպես ասել է Գագիկ Գևորգյանը, AJA-ն նախատեսում է լայնածավալ կրթական նախագծեր իրագործել, «որպեսզի կարողանանք պատրաստել դիզայներների, որոնցով մեր ազգը կհպարտանար, և որ յուրաքանչյուր ցուցահանդեսում հնչեն հայ դիզայներների անունները»: Նա նշել է, որ հայ ոսկերիչների գործերն են կրում տարբեր ոլորտի հայտնի մարդիկ աշխարհի բոլոր ծայրերում: «Կարող եմ հավաստիացնել, որ չկա մի հայտնի գործիչ, որը չի շփվում հայ ոսկերչի հետ: Հայ ոսկերչի աշխատանքը թալիսման է դառնում այն կրողի համար՝ հաջողություն բերելով»,-ասել է նա:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդես, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
Գագիկ Գևորգյանը հայտնեց նաև, որ երևանյան ցուցահանդեսը հայ ոսկերիչների աշխարհով մեկ «երթի» սկիզբն է: «Մենք պետք է նմանատիպ ցուցահանդեսներ անցկացնենք ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, մասնավորապես, Լաս Վեգասում, Հոնգկոնգում, ռուսական ու իտալական շուկաներում»,-ասել է նա:
Ցուցահանդեսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: «Yerevan Show» ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայ մեր հայրենակիցներին պատկանող շուրջ 65 հայտնի ոսկերչական ֆիրմաների գործերը, ինչպիսիք են «Էստետ», «Haytayan», «Bergio», «Tacori», «Waskol», «Yessayan Jewellery» և մի շարք այլ ընկերություններ:






