Այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա 2-րդ TEDxYerevan անկախ կազմակերպվող միջոցառումը։
TEDxYerevan 2011-ի լիազորված կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ միջոցառմանը ներկա է լինելու 280 մասնակից, որից 20-ը խոսնակներ են։ Խոսնակները մասնագետներ և քիչ, թե շատ ճանաչված մարդիկ են տարբեր բնագավառներից` դիզայներներ, ուսանողներ, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ։
TEDxYerevan 2011-ի խոսնակների շարքում են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով կխոսի դիվանագիտության ոլորտում ազնվությունից։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանի թեման է «Կանայք շախմատում»։ «Կոսմոպոլիտան Հայաստան» վեբ կայքի խմբագիր, մասնագիտությամբ լրագրող Շուշան Հարությունյանի շնորհանդեսի թեման է «Չկա ժուռնալիստիկա, չկան հոգսեր»։ Խոսնակներից են նաև լրագրող, Ազատություն ռադիոկայանի կայքի խմբագիր և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արթուր Պապյանը, նավապետ Կարեն Բալայանը, մեդիա ոլորտի և հաղորդակցության մասնագետ Արփինե Գրիգորյանը և ուրիշներ։ Բոլոր խոսնակները կներկայացնեն շնորհանդեսները անգլերեն լեզվով։
Ըստ Քրիստինե Սարգսյանի` TEDx-ում բոլոր խոսնակներն էլ սպասված են, և չի կարող առանձնացնել որևէ մեկին։ «Մենք ողջ տարի աշխատում ենք և էներգիա ծախսում խոսնակների հետ, որ TEDxYerevan-ը հարթ և հաջող անցնի»,- նշեց Քրիստինե Սարգսյանը։
Նրա խոսքով TEDxYerevan -ի կազմակերպիչների թիմը ցանկանում է, որ հաջորդ TEDxYerevan-ին հնարավոր լինի ավելի շատ մարդ հրավիրել և TEDx-ն ընդլայնել` անցկացնելով ոչ միայն Երևանում, այլև մարզերում և հայերեն լեզվով։
TEDxYerevan 2011-ի գործընկերն է Civilitas հիմնադրամը։ TEDx-ը միայն հրավերով միջոցառում է։ Այս տարի TEDxYerevan-ը լիցենզիա ունի 300 մասնակցի համար։
Միջոցառումը տեղի է ունենալու «Երիտասարդանալով» կարգախոսով և կենտրոնանալու է երիտասարդության և հասունության հասկացողությունների վրա։ TEDxYerevan2011-ն ավարտվելու է «Քսան» հատուկ բաժնով, որին մասնակցելու են առավել ստեղծարար խոսնակները:
Տեխնոլոգիաներին, արվեստին ու դիզայնին նվիրված TEDx անկախ կազմակերպվող միջոցառումն առաջին անգամ տարածաշրջանում տեղի է ունեցել Երևանում:
TEDxYerevan 2010-ի ժամանակ ելույթ են ունեցել 17 խոսնակներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից և Քուվեյթից` ներկայացնելով իրենց գաղափարներն ու փորձը: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: 1984թ. ի վեր հիմնադրամը ամենամյա խորհրդաժողովներ է անցկացնում, որտեղ նույն բեմում հավաքվում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, նկարիչներ, երաժիշտներ, ինժեներներ: